Գինեգործությունը և տեխնիկական բույսերի վերամշակումը հին Հայսատանում (մ․թ․ա․ VI - մ․թ․ IV դարեր)

Փալանջյան Ռուզան Սուրենի Download

Անտիկ աշխարհի պետությունների տնտեսական կյանքում երկրագործությունն առանցքային նշանակություն է ունեցել: Վերջինիս ճյուղերի թվում հատկապես կարևորվում էին այնպիսիք, որոնց արտադրանքը, ապահովելով ներքին սպառումը, իր ծավալների և որակական հատկանիշների շնորհիվ՝ նաև ակտիվորեն արտահանվում էր, նպաստելով տվյալ երկրի տնտեսական բարեկեցության աճին: Այդ տեսակետից՝ Եվրասիայի «բարեբեր գոտու» երկրների տնտեսության ամենաեկամտաբեր ճյուղերից էր գինեգործությունը, քանի որ բարձրորակ գինու տեսականին միջազգային շուկայում կայուն պահանջարկ ուներ և բավականին թանկ արժեր:

Առավել եկամտաբեր ճյուղերից էր նաև օծանելիքի արտադրությունը: Հայտնի է, որ Հին Արևելքում և Հունա-հռոմեական աշխարհում օծանելիքների պահանջարկը չափազանց մեծ է եղել: Այն երկրները, որոնք հնարավորություն են ունեցել օծանելիքի հումք կամ պատրաստի օծանելիքներ արտահանել Անտիկ աշխարհի խոշորագույն կենտրոններ, կայուն դիրքեր էին գրավում միջազգային առևտրի ոլորտում և արագորեն հարստանում էին:

Հայկական լեռնաշխարհը հանդիսանում է երկրագործության հնագույն օջախներից մեկը: Տեղի բնակլիմայական պայմանները հատկապես նպաստավոր են խաղողագործության և գինեգործության զարգացման համար, ինչպես նաև մի շարք արժեքավոր տեխնիկական բույսերի (ձիթատու, եթերայուղատու, ներկատու, թելատու և այլն) աճեցման համար: Անտիկ Հայաստանի տնտեսության ուսումնասիրության համար չափազանց կարևոր է երկրագործության այդ բնագավառների մանրակրկիտ հետազոտությունը: Սակայն պետք է արձանագրել, որ մինչ օրս այդպիսի հետազոտություն չի տարվել, և ներկայացվող աշխատությունը առաջինն է այս ասպարեզում: