ՀՀ ԳԱԱ ՀԱԻ ԵՎ ԻՍՄԵՕ-Ի հնագիտական աշխատանքների տաս տարին հայաստանում (2013-2022)
Սերջիո Ֆերդինանդի, Արսեն Բոբոխյան, Ռոբերտո Դան, Արթուր Պետրոսյան, Պրիշիլա Վիտոլո, Բորիս Գասպարյան, Պավել Ավետիսյան, Աստղիկ Բաբաջանյան DownloadՀայաստանը տարածքով փոքր, սակայն ազդեցիկ մշակութային ժառանգություն և հազարամյա պատմություն ունեցող երկիր է։ Գտնվելով Կովկասի, Իրանական և Փոքրասիական բարձրավանդակների և Միջագետքի խաչմերուկում, նպաստել է ժամանակի ծաղկուն քաղաքակրթությունների զարգացմանը։ Մինչպատմական, նախապատմական և վաղպատմական փուլերում տարածաշրջանն առանձնանում էր ինքնատիպ մշակույթներ ունեցող, միջռեգիոնալ ինտենսիվ շփումներով ու հարաբերություններով հասարակություններով։ Մ.թ.ա. 1-ին հազարամյակից այս տարածքում, Ուրարտու պետության (Վանի թագավորություն) զարգացմամբ Հայաստանը թևակոխեց պատմական փուլ։ Ուրարտուի անկումից հետո Հայաստանի կառավարիչներն ու թագավորական դինաստիանները բազմաշերտ հարաբերություններով ամուր կապերի մեջ էին ժամանակի մեծ կայսրությունների հետ։
Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի մարզերում հայ-իտալական հնագիտական արշավախմբերը՝ երեք հետազոտական ծրագրերով, նպատակ ունեն ուսումնասիրել վաղագույն շրջանի հասարակությունների ձևավորման գործընթացները, նրանց կապերը հարևան շրջանների հետ, ուսումնասիրել Ուրարտական պետության առաջացման նախադրյալները և նրա փոխհարաբերությունները տեղական վերնախավի ու հասարակությունների հետ, Ուրարտուի կազմալուծման և Աքեմենյան կայսրության տիրապետության սկզբնավորման միջև անցումային շրջանի մշակութային լանդշաֆտը, ինչպես նաև Մետաքսի ճանապարհի կարևոր հատվածի երկայնքով ձգվող ամրոցաշինության գործընթացները։
2013 թ. սկսած ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և «Միջերկրածովյան և արևելյան երկրների ուսումնասիրության միջազգային ասոցիացիայի» (ISMEO) միջև համագործակցության համաձայնագրի շրջանակում իրականացվում է Կոտայքի հետազոտական ծրագիրը, որին աջակցում և համաֆինանսավորում է նաև Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարությունը (ղեկավարներ՝ Արթուր Պետրոսյան (ՀՀ ԳԱԱ ՀԱԻ), Ռոբերտո Դան (ISMEO): 2016 թ. Բորիս Գասպարյանի (ՀՀ ԳԱԱ ՀԱԻ / ԵՊՀ), Արթուր Պետրոսյանի և Ռոբերտո Դանի ղեկավարությամբ մեկնարկեց Վայոց ձորի նախագիծը։ 2022 թ. վերոհիշյալ համաձայնագրի շրջանակում Արսեն Բոբոխյանի (ՀՀ ԳԱԱ ՀԱԻ / ԵՊՀ) և Սերջիո Ֆերդինանդիի (ISMEO) գլխավորությամբ մեկնարկեց մի նոր հնագիտական ծրագիր, որը միտված է ուսումնասիրելու Մետաքսի ճանապարհի երկայնքով ձգվող ամրաշինական համակարգը՝ կենտրոնանալով հիմնականում միջնադարյան Արուճ ավանի վրա։
Բոլոր նախագծերը նախատեսում են լայնածավալ և համակողմանի ուսումնասիրություն։ Առաջնային նպատակը տարածաշրջանային հնագիտական քարտեզների ստեղծումն է, որոնք կընդգրկեն պալեոլիթից մինչև միջնադար ընկած ժամանակաշրջանների հնավայրերը։ Զուգահեռ իրականացվում են հնագիտական պեղումներ պատմա-հնագիտական առանձնահատուկ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հուշարձաններում՝ դրանց բնակության ժամանակաշրջանները հստակ պարզելու նպատակով։
Բոլոր նախագծերը նախատեսում են համագործակցություն միջազգային կազմակերպությունների և գիտնականների հետ՝ միջմասնագետական թիմերի ձևավորմամբ, ինչը հնարավորություն է ընձեռում իրականացնել պեղումների շնորհիվ ձեռք բերված նյութերի արխեոմետրիկ, ռադիոմետրիկ, կենսահնագիտական անալիզներ և վերակազմություններ։ Հատուկ կարևորվում է պեղումներով բացված շինությունների և հնագիտական հավաքածուների պահպանումը, վերականգնումն ու հանրայնացումը։
Սույն հատորը նվիրվում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և «Միջերկրածովյան և արևելյան երկրների ուսումնասիրության միջազգային ասոցիացիայի» համատեղ գործունեության տասնամյակին և միտված է լայն հանրությանը համապարփակ ներկայացնելու հայ-իտալական համագործակցության՝ 2013-2022 թթ. ընթացքում կատարած աշխատանքները։